ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը՝ Թբիլիսիի դեպքերի հետ կապված

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը՝ Թբիլիսիի դեպքերի հետ կապված
21.07.2014 | 16:28

Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների: Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ